Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Կարֆուրը» կգործի, բայց ե՞րբ

«Կարֆուրը» կգործի, բայց ե՞րբ
25.09.2013 | 16:56

Դեռ անցյալ տարեվերջից Հայաստան ֆրանսիական «Կարֆուր» ընկերության մուտք գործելու մասին տեղեկատվությունը դարձել էր մի շարք լրատվամիջոցների ամենուշագրավ նյութերից մեկը: Հրապարակվեցին լուրեր, որ Հայաստանի օլիգարխիկ որոշ շրջանակներ դեմ են «Կարֆուր» հայտնի ընկերության՝ Հայաստան մուտք գործելուն, քանի որ դա հարվածելու է հենց առաջին հերթին այդ օլիգարխների բիզնես շահերին: Այդ համատեքստում շրջանառվում էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի անունը: Սրանից զատ տեղեկատվություն հրապարակվեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի իշխանությունները ձեռք են բերել պայմանավորվածություն, և «Կարֆուրն» այսպես թե այնպես պետք է մուտք գործի Հայաստան:

Ամիսներ առաջ էլ ԶԼՄ-ներում տեղեկատվություն հրապարակվեց, որ «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի համար արդեն տարածք է հատկացված Երևանում, Արշակունյաց պողոտայում:

Ե՞րբ կսկսի գործել «Կարֆուր»-ը: Նախ փորձեցինք հետաքրքրվել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից: Դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հակոբյանն ասաց, որ «Կարֆուր»-ի մասին իր տեղեկությունները սահմանափակվում են հայաստանյան մամուլում տեղ գտած հրապարակումներով: Ավելին իմանալու համար նա խորհուրդ տվեց հարցերը գրավոր ուղարկել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ irates.am-ին տված հարցազրույցներում «Կարֆուր»-ի մուտքը Հայաստան ողջունել էին նաև ՀՀ-ում Գերմանիայի և Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանները: Մասնավորապես՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշել էր. «Կարֆուրը» Հայաստանում կնպաստի մրցակցության խթանմանը հենց հայ սպառողի շահերի դիտակետից»: Իսկ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելն էլ կարծիք էր հայտնել, որ հայերը հնարավորություն կունենան մատչելի գներով ապրանք գնել:

«Կարֆուր»-ի մասին մեր հարցերին ի պատասխան ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից էլ մեզ «ուղարկեցին» էկոնոմիկայի նախարարություն:

Էկոնոմիկայի նախարարության առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանն էլ տեղյակ էր միայն, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, բայց թե երբ կսկսի գործել «Կարֆուր»-ը՝ ստույգ չգիտեր:

Մեր հարցին, թե հաղթահարվե՞լ է օլիգարխիկ որոշ շրջանակների կողմից դիմադրությունը «Կարֆուր»-ի դեմ, Գագիկ Քոչարյանն արձագանքեց. «Ես այդ հարցին չեմ պատասխանի, այդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետում և նման խնդիր չեմ տեսել»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ